Փորձնական

improve.am-ից

Ավետիք Իսահակյան |ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով` Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր, Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով, Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն, Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

- Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, - Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն, Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:

Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու, Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն - ատելությամբ սրիտս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում, Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու, Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ, Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով, Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա, Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… -

Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին, Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ, Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը, Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս – հեռաստանը:

ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով, Փոշի էր հանում, - փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:

- Քայլիր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը, - Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

Թողել ենք այնտեղ կի՞ն - աստվածային, սե՞ր - երջանկություն, անհուն երազա՞նք.- Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ, Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին, Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:

Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ, Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ:

Դու տենչացել ես լույս - ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին, Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-

Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս, Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:

Ոհ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար, Դու, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:

Ատում եմ սերը` մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:

Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ, Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:

Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ, Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:

Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա, - Փախչում եմ նրա ճահիճ - մահիճից, և անիծում եմ երկունքը նրա:

Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի, Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի:

Սրիկա է նա ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի` Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:

- Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ, - Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:

Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա, Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:

Կըգգվեմ վայրի տատասկը դժնի և կըհամբուրեմ փշերը նրա, Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա: -

Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր, Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ – հատ հնչուն արցունքներ, Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:

Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:

Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման, Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր, Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:

Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսումափսոսում թողած – լքածին, Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:

ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով, Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ` Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով, Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:

Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն, - - Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով, Եվ ո՞վ է պատմում բյուր - բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա, Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա, Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ, Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ - անցնող քարավան, Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:

Կույր ու գուլ մարդիկ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի, Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե - կավլե պիղծ հետքերը ձեր: Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա, Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա: –

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:

Եվ արար - աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային, Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

- Գնա, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս – ղողանջի հետ, Վիշտս տուր հովին, քայլիր բնության ծոցը մայրական, և մի նայիր ետ:

Տար ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր, Սուրբ մենակություն, դու, իմ օազիս, դու, երազների աղբյուր զովաբեր:

Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ, Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան, Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության, Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք, Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված, Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած: -

Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի, Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում, Եվ քարավանը` օրոր ու շորոր քայլում է անդորր փիրուզյա հեռուն…

ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Գիշերն ահարկու` և սև, և հսկա մի չղջիկի պես թևերը փռեց, Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ:

Եվ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով, Չէին շողշողում լուսինն ու աստղեր, խավարն` ասես թե` պատած խավարով:

Եվ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին, Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին:

Եվ մահասարսուռ շառաչում էին, և աղաղակում հազար ձայներով, Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում – ոռնում հողմի բերանով:

Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե` մի սիրտ լաց լիներ անհույս:

- Գնա, քարավան, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը. – Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու - Մահարին, մեծ բանաստեղծը:

Շաչեցեք գլխիս, ամեհի հողմեր, դուք, մրրիկներ, պայթեցեք գլխիս, Ես բաց ճակատով ձեր դեմ եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցեք ճակտիս:

Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում, Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իմ նմաններին է միշտ պատառում:

Իմ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երդըդ հայրենի, Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին:

Արշավեք հողմեր, իմ հոր տան վերա, քանդեք, ավերեք հիմերը նրա, Եվ փոշին ցրեք մեծ աշխարհով մեկ, - անծայր ճամփան է իմ տունը հիմա:

Մանկությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ - վրանս հայրական, Եվ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը` ուղիս անկայան:

Դու, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք, Տար ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ:

Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռիդ, Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամըդ և թե թշնամիդ:

Բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես` կմոռանան քեզ:

Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ, Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան:

Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի, Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի:

Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ: Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և սեր, և հավատ:

Բարեկամն ի՞նչ է - լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ, Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա: -

Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու – Լալայի խոժոռուն դեմքին Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին:

Եվ քղանցքներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու – Լալայի Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եվ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների, Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ ղողանջյուններով հուզված զանգերի:

- Ի՞նչ է ընկերը… - կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու - Մահարին. – Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող… Թռիր, քարավան, ընկեր մտերիմ:

Եվ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան, Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եվ ինչ ենք թողել, ի՞նչ կա մեր ետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից, Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն… Թռիր, հեռացիր բոլոր - բոլորից:

Եվ ի՞նչ է փառքը. - այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն, Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն:

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց – վախից հարգ են մատուցում, Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:

Եվ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և հանճար, և սեր, - Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի Բռնության խարիսխ, և սուր երկսայրի, և զայրույթի մեջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ և անհայտն այնտեղ անշղթա գերի, Երբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը - ահեղ խարազան, Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:

Ատում եմ, ավաղ, և հայրենիքը – պերճ արոտավայրը հարուստների ցոփ, Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:

Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան, Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Եվ իրավունքը, և օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում, Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Յոթն անգամ ահա ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող, Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:

Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ, Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:

Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս, Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն, Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:

Եվ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն, Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչություն:

Եվ նզովում եմ իշխանությունը` հազարաճիրան մոլի բորենին, Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկար մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին, Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք - իշխել, խողխողել իր նմաններին:

Տար ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ, Տար ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ: -

Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի Եվ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եվ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում, Եվ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրընգ, հա զրընգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն, Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն: